Հեքիաթներ

voskematenik

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում մի պառավ: Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր ե դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի: Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում:
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում:
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
-Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Պառավն ասում է.
-Դե գնա իմ կաթը բեր:
Աղվեսը գնում է կովի մոտ:
-Կովիկ, կովիկ, կա´թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Կովն ասում է.
-Դե գնա ինձ համար խոտ բեր:
Աղվեստը գնում է արտի մոտ.
-Արտիկ, արտիկ, խո´տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Արտն ասում է.
-Դե գնա ինձ համար ջուր բեր:
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ:
-Աղբյուր, աղբյուր, ջո´ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Աղբյուրն ասում է.
-Դե գնա կուժ բեր:
Աղվեսը գնում է աղջկա մոտ:
-Աղջիկ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Աղջիկն ասում է.
-Դե գնա ուլունք բեր ինձ համար:
Աղվեսը գնում է չարչու մոտ:
-Չարչի, չարչի, ուլո´ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տան, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Չարչին ասում է.
-Դե գնա ինձ համար ձու բեր:
Աղվեսը գնում է հավի մոտ:
-Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տան, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Հավն ասում է.
-Դե գնա ինձ համար կուտ բեր:
Աղվեսը գնում է կալվորի մոտ:
-Կալվոր, կալվոր, կո´ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տան, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս: Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթն է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում:

                                                                                                      ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում:Էս մարդ ու կնիկ իրար հավանելիս չեն լինում:
Մարդը կնկան է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում:

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն:

Կնիկը բարկանում է.

-Ա՛, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել. հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում:

-Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՞նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է:

Կնիկը հանգստանում է, տանում է պահում:

Անց է կենում մի առժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

-Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի:

Տղեն կանգնում է.

-Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս:

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է` հա° ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի:

-Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում:

-Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամանչո՞ւմ: Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…

-Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում:

-Դե արի տար:

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը ծալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը:

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

-Հա՛, էն բարեկենդանը եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ:

-Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…

-Ա՛յն էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ` վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ խայտառակ արի, շալակը տվի տարավ:

-Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես – հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց:

-Այ էն կողմը:

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անու, տեսնում է` մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի:

Գալիս է հասնում իրեն:

-Բարի օր, ախպերացու:

-Աստծու բարին:

-Հո էս ճամփովը մարդ չի անցկացավ:

-Անցկացավ:

-Ի՞նչ ուներ շալակին:

-Եղ ու բրինձ:

-Հա, հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի:

-Բավականին ժամանակ կլինի:

-Որ ձին քշեմ` կհասնե՞մ:

-Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորսը ոտը կփոխի – մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս – նա երկու ոտով` մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա:

-Բա ի՞նչպես անեմ:

-Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես:

-Հա՜, էդ լավ ես ասում:

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում:

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում` ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու:

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա` սրան, բարեկենդանը լսում է ու ծիծաղում:

ՔԱՋ ՆԱԶԱՐ

Լինում է, չի լինում մի խեղճ մարդ` անունը Նազար: Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում: Էնքան էլ վախկոտ, էնքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր: Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած` նրա հետ էր դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս` տուն գալի: Դրա համար էլ անունը դնում են վախկոտ Նազար:
Էս վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի: Որ շեմքն է դուրս գալի` տեսնում է ճըրքճըրքան լուս-լուսնյակ գիծեր` ասում է.
-Ա´յ, կնիկ, ինչ քարվան կտրելու գիշեր է… Սիրտս ասում է` վեր կաց գնա Հնդկաստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու…
Կնիկը թե.
-Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա…
Նազարը թե.
-Ա´նզգամ կնիկ, ինչո՞ւ չես թողնում ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ: Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես:
Որ շատ կռվում է` կնիկը տուն է մտնում, դուտը փակում:
-Հո´ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի:
Էս Նազարս մնում է դռանը: Վախից լեղապատառ է լինում: Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում: Ճարը կտրած գնում է պատի տակին կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում` մինչև լուսը բացվում է: Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի, ու միտք է անում: Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի — ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում: Որ շատ նեղացնում են` ձեռը տանում է երեսին զարկում: Որ երեսին զարկում է` ճանճերը ջարդվում են առաջին թափվում:
-Վա´հ, էս ինչ էր… – մնում է զարմացած:
Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց` չի կարողանում: Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ:
-Վա´հ,- ասում է, -ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացել… Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել…
Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ:
-Տե´րտեր, օրհնյա ի տեր:
-Աստված օրհնի, որդի´ս:
-Տե´րտեր, բա չես ասիլ էսպես-էսպես բան:
Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է` իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան: Տերտերն էլ, կատակի համարի, մի փալասի կտորի վրա գրում է.
Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
Ու տալիս է իրեն:
Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում:

2

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում: Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում:
Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է: Էստեղ սիրտն ահ է ընկնում: Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ: Քանի հեռանում է` էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է` էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ… Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափվում…
Նազարը ձենն ավելի է գլուխը գցում. իսկ որ մտնում է անտառը – թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի մի թփի միջից, ամեն մի քարի ետևից` որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ. սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ — ականջդ ոչ լսի:
Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է: Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում, թե չէ` կանգնում է.
-Վայ,- ասում է,- ո՞նց թե իմն էլ էստեղ էր հատել. կա չկա` էս ավազակներ են…
Ձին թողնում է, ընկնում ճամփի տակի անտառն ու` երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում` փախչում:
Բախտդ սիրեմ, Քաջ Նազար, գոռգոռալով գալիս է տեսնում է մի թամքած ձի ճամփի մեջտեղը իրեն է սպասում: Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր չամփեն:

3

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ. ինքը գյուղին անծանոթ, գյուղն` իրեն: Ո՞ւր գնա, ո՞ւր չգնա: Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն:
-Բարի օր ձեզ:
-Ա´յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար:
Համեցե´ք հա, համե´ցեք. դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում: Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը – թե ուտելիք, թե խմելիք:
Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթը: Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով` բանը մնում է վերի ծերին նստած տերտերին: Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.
Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ երրորդին, երրորդը` չորրորդին. էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրըմբում է թե` բա չես ասիլ, նորեկ ղոնախն ինքը.
Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
-Քաջ Նազարն է հա…, -բացականչում է պարծենկոտի մինը: -Ինչքան է փոխվել. միանգամից լավ չճանաչեցի…
Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը:
-Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,- զարմանքով հարցնում են անծանոթները:
-Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում: Մի անգամ ես հարցրի, ասավ` ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ ածխարհքն իմ ծառան է ու իմ ծառան:
-Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել:
-Շնորհքն էլ հենց սրա մեջն է´, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես` ջարդես հազար, թե չէ լավ թրով — ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում:
Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմնում է Քաջ Նազարի կենացը: Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ. ասում է` մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը. կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ: Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս: Ժողովականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռի թափ տալը ինչքան բան կնշանակեր…
Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում:
Բարով եկար, հազար բարի,
Հզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջդը Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կփըրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջդը Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջդը Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը: Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար:

4

Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն: Գնում է հասնում մի կանաչ դաշտ: Էս կանաչ դաշտում ձին թողնում է իր արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում:
Դու մի ասիլ, օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է: Էս հսկաները վերևից մտիկ են տալիս` որ մի մարդ է եկել իրենց հանդում վեր է եկել: Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել: Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց: Էս քառասուն լդրանոց գուրզերը վերցնում են գալիս: Գալիս են ի՞նչ տեսնում. հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Վայ, Քաջ Նազարն է… Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած: Դու մի´ ասիլ, հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած: Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում, տեսնում` գլխավերևը քառասուն լդրանոց գուրզերն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած` էլ փորումը սիրտ չի մնում: Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա: Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են` բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռցում ու խնդրում են.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում. այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը: Մենք, քո խոնարհ ծառաներդ` օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է` մեջը մեր գեղեցիկ քույրը: Աղաչում ենք շնորհ անես, գաս մեր հացը կտրես…
Էստեղ Նազարը շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը: Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է նրան: Ինչ ասեկ կուզի` հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է:

5

Էս շամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդ վրա: Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ: Իհարկե Քաջ Նազարը կսպանի: Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա: Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի. վերևը մի աստված, ներքևը մի Քաջ Նազար:
Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի: Նշանածը բռնում է կանգնեցնում, թե` ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա: Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի: Նազարը զենքն առնում է դուրս գնում: Գնում է անտառում մի ծառի վարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն: Ծառի վրա կուչ է գալի, ու Նազարն ո՞վ կտա — հոգին դառել է կորկի հատ: Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց ես ծառի տակին պառկում: Նազարը որ վագրին չի տեսնում – լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը´մբշփ, ծառիցը ընկնում է գազանի վրա: Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած` էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում:
Մարդիկ մին էլ տեսնում են, վա´հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է:
-Հա´յ-հարա´յ, եկեք հա, եկեք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել… տվե´ք հա, տվե´ք… Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ-հրոցով, հռհռոցով հարձակվում են` խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում:
Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է: -Ափսո´ս, -ասում է,- ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել… Էնքան պետք է քշեի որ…
Լուրը գնում հասնում է ամրոցը: Մարդ, կին, մեծ, պստիկ` ժողովուրդը դուրս է թափվում Նազարին ընդունելու: Վրեն երգ են կապում ու երգում:

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կլինի քեզ հավասար,
Ով Քաջ Նազար:

Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասարմ
Ով Քաջ Նազար:

Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ով Քաջ Նազար:

Մեզ փրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար
Ով Քաջ Նազար:

Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն:

-Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նման էր:

-Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր:

-Արեգակ նոր շաղեծաղ,
Էն ո՞ւմ նման էր:

-Արեգակ նոր շաղեշաղ,
Էն իր նազ-յարն էր:

Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հայ կարմիր,
Կապեն կարմիր, հայ կարմիր,
Գոտին կարմիր, հայ կարմիր,
Սոլեր կարմիր, հայ կարմիր,
Թագուհին կարմիր, հայ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարիր թագվորին արև:

Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր:

6

ու մի´ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը: Որ իմանում է իրենց չեն տվել` ուրիշի հետ են ամուսնացրել` զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա:Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում` հրաման են խնդրում:
Պատերազմի անունը որ լսում է` սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը: Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա: Առաջ են ընկնում, բռնում են, խնդրում, թե` ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է:
Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա: Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են…
Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ են բերում, Նազարին նստեցնում վրեն: Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով,- կեցցե´ Քաջն Նազար… մա´հ թշնամուն…
Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած` խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի` թշնամու բանակը: Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռա են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ: Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է միկ ծառի փաթաթվի, դու մի´ ասիլ` ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին: Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են` էլ փորներումը սիրտ չի մնում. երես են շուռ տալիս,- փա´խի, որ փա´խ, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է…
Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է, կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը:
Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում: Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով ու կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ տալիս, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված:
Էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում1 են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին: Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ պաշտոն է տալիս: Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մեջ:
Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը: Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում` ծիծաղում է, ասում է.
-Ինչ քաջություն, ինչ խելք, ի՞նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունե՞ս` քեֆ արա…
Եվ ասում են` մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա:

         ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր:

-Քուչի´ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը:

-Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին:

-Հապա մինչև ե՞ րբ պետք է այսպես մնանք. արի´ գնանք մի տեսնենք` աշխարհումս ինչ կա, ինչ չկա:

Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան:

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին:

Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո՜ւ…

Մի աղվես լսեց աքլորի ձայնը:

-Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսը ու վազեց:

-ՎարիԲ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը:

-Գնում ենք աշխարհ տեսնելու,- պատասխանեց աքլորը:

-Օ՜, ինչ լավ բան եք մտածել,- խոսեց աղվեսը: — Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի: Ի՞նչ լավ էր` պատահեցինք: Դե՜, ցած արի, որ չուշանանք:

-Ես համաձայն եմ,- ասավ աքլորը.- տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ` գնանք:

Ո՞րտեղ է ընկերդ:
-Էն թփի տակին:
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը» մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՞նց փախավ:

-Կա´ց. աղվե´ս ախպեր, մի´ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:

ՈՒԼԻԿԸ

1

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։

2

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, «Էդ ո՞վ ես դու. չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի… Գնա՛… Չեմ ուզում քեզ…»

Ու գայլը հեռանում է, գնում։

3

Գալիս է մայրը, դուռը ծեծում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.

— Գիտե՞ս, մայրի՛կ, ինչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՛ր։ Էնպե՛ս վախեցա՛, էնպե՛ս վախեցա՛… Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛…

— Պա՛, պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։— Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։

ԾԻՏԸ

Լինում է, չի լինում մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է.

— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։ Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է.

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է.

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես. անհաց ուտում։ Ա՛յ լոշը ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է.

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա´յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պլստեմ։

Գնում է, գալի, թե՝ իմ գառը տվեք։

Ասում են.

— Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է թռչում։

Գնում է, գնում, գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է.

— Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղը ասում է.

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

ԽՈՍՈՂ ՁՈւԿԸ

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ: Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար: Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը:

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում: Էս շալակատարը գետափին նստած` նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.
-Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա` սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում` թե չէ…
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.
-Լսի՛,- ասում է,- մարդ ախպեր: Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ: Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը: Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են: Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում. շունչս կտրում է ջրից դուրս: Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում: Էնպես եմ ուզո՜յւմ, էնպես եմ ուզո՜յւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ…
Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը բաց ու խուփ անելով: Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը:

-Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը: Թող չտխրեն քու ընկերները: Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ:
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա:
-Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից. գնա սովից մեռի:
Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում:
-Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ… – տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն:

2

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ հրեշ` առաջը մի գեղեցիկ կով:
-Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է հրեշը:
Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը:
-Լսի՛, բարեկամ,- ասում է հրեշը,- էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվա ժամանակով: Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք: Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգազմ ձեզ հարց կտամ: Թե հարցիս պատասխանեցիք – իմ կովը ձեզ լինի, թե չէ` երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ: Համաձայն ե՞ս:
-Մի բան որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալը էլ աստված ողորմած է: Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…
-Համաձայն եմ,- ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն:
Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում: Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին. և ահա հասնում է նշանակված օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա:
Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի` ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա հրեշի միտքը:
-Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ հրեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի… – հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար: Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում:
Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ:
-Բարի իրկուն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր:
-Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է: Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր: Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ — իր գերին ենք: Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք: Հիմի մեզ ինչ անի` մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի:
-Բան չկա, որտեղ դուք` էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը:
Համաձայնում են. հյուրը մնում է:
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է: -Ո՞վ է: -Հրեշը: Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք: -Ինչ պատասխան. սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած:
-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը:
-Եկել ե՜մ,- դռան ետևից ձայն է տալիս հրեշը:
-Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում է ներսից հյուրը:-Ո՞րտեղից ես եկել:-Ծովի էն ափից:
-Ընչո՞վ ես եկել:
-Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել:
-Ուրեմն ծովը պստիկ է եղել:
-Ի՜նչ պստիկ. արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի:
-Ուրեմն արծիվը ճուտ է եղել:
-Ի՜նչ ճուտ. թևերի շվաքը քաղաք է ծածկում:-Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ:

-Ի՜նչ փոքրիկ. նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի:-Ուրեմն նապաստակը ձագ է:

-Ի՜նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել:-Ուրեմն մարդը թզուկ է:

-Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ:-Ուրեմն խուլ է:

-Ի՜նչ խուլ. սարում որ պախրեն խոտ պոկի` նա կլսի:Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ:Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքով մին են լինում: Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը:
-Չենք թողնի, որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…
-Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը:-Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

-Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի – չի կորչի: Ես հենց էն խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր… — ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից:

ՍՈՒՏԱՍԱՆԸ

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Оставьте комментарий